14 հոկտեմբերի 2010 - 16:25 AMT
Ընդլայնվում են Արենիի խաղողի այգիների տարածքները

Այս տարի Արենի գյուղում հավաքել են 700 տոննա խաղող, հոկտեմբերի 14-ին մամլո ասուլիսում հայտարարել է գյուղապետ Ժիրայր Եղոյանը: Այդ գյուղում շուրջ 20 տեսակի խաղող է աճեցվում դեռ բրոնզե դարի ժամանակաշրջանից ի վեր, այդ թվում նաև «Արենի» տեսակի խաղող, որից պատրաստվում է հայերի սիրած «Արենի» գինին: Այսօր գյուղում գործում է 580 գյուղտնտեսություն և բնակվում է 1970 մարդ:

Ըստ Եղոյանի, 1 կգ բարձրորակ խաղողի գինը 200-220 դրամ է՝ կապված շաքարի պարունակության հետ: Վայոց ձորում գործող երկու գործարանները՝ «Արենին» ու «Արփա ալկոն» արդեն մթերել են համապատասխանաբար 200 և 150 տոննա խաղող: Անդրադառնալով մշակված խաղողի այգիներին՝ գյուղապետն ասել է, որ ավելացման միտում կա, և այսօրվա դրությամբ մշակվում է 150 հա նախկին 120 հա դիմաց: