24 հոկտեմբերի 2010 - 16:19 AMT
Նախկին խորհրդային երկրներն առաջիկա 10 տարին կարող են մոռանալ Եմ մտնելու մասին

Եվրամիության ընդլայնումը նոր անդամներ ընդունելու հաշվին առաջիկա 10 տարիներին անհնար է: Այդ մասին ասվում է Շվեդիայի ԱԳՆ ղեկավար Կարլ Բիլդտի և Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Ռադոսլավ Սիկորսկու կողմից կազմված հատուկ նամակում, որն ուղղված է արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնին:

Փաստաթղթում նշվում է, որ ներկա դրությամբ նոր անդամների համար բացակայում են ԵՄ մտնելու պայմանները, և նման իրավիճակը կտևի մինչև 2020թ.:

Միաժամանակ Շվեդիան և Լեհաստանն առաջարկում են փոխել ԵՄ հարևանության և գործընկերության քաղաքականության ձևաչափը` առանձնացնելով 6 երկրներից կազմված խումբ, որին մեջ մտնում են Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան: ԵՄ-ն պետք է ընդլայնի համագործակցությունն այդ երկրների հետ` մի շարք փաստաթղթեր ստորագրելով գործընկերության մասին, որը չի ենթադրում ԵՄ մուտք գործել:

Այս հայեցակարգը քննարկվելու է ԵՄ ԱԳն ղեկավարների նիստում, որը բացվելու է հոկտեմբերի 25-ին: