26 հոկտեմբերի 2010 - 19:20 AMT
Հայաստանն ու Իրանը քննարկում են բենզինի ու դիզելային վառելիքի խողովակաշարի շինարարության հարցը

Իրանի նավթի նախարար Սաեյդ Մասուդ Միրքազեմին ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ նախատեսվում է բենզինի ու դիզելային վառելիքի խողովակաշար կառուցել դեպի Հայաստան, հայտնում է «ԻՐԻԲ նյուզ» գործակալությունը:

Ըստ Միրքազեմիի, Հայաստանն Իրանից գնում է գազ ու նավթամթերք, իսկ փոխարենը էլեկտրաէներգիա է առաքում: Իրանի նախարարն ասել է, որ այսօրվա բանակցություններն արդյունավետ են եղել և որոշվել է մոտ ապագայում իրականացնել նոր նախագծեր: Հաջորդ շաբաթ պետք է տեղի ունենա ձեռք բերված պայմանավորվածությունների մանրակրկիտ քննարկում փորձագետների մակարդակով:

Միրքազեմին նշել է, որ քանի որ Հայաստանը ելք չունի դեպի ծով, նրան ավելի շահավետ է նավթամթերք ձեռք բերել Իրանում, առավել ևս որ Իրանի հյուսիսային ու հյուսիս-արևմտյան շրջաններում նավթամշակման գործարաններ են կառուցվում: Իրանի նավթի նախարարը հյատարարել է. «Հայաստանը ջանքեր է գործադրում, բավարարելու համար իր պահանջներն Իրանի օգնությամբ և մենք կարող ենք օգնել նրան դրանում»: