28 հոկտեմբերի 2010 - 15:02 AMT
Սերգեյ Լավրով. «EXPO-RUSSIA Armenia 2010»-ը կօգնի բացահայտել ՌԴ և ՀՀ միջև առևտրատնտեսական համագործակցության ներուժը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է «EXPO-RUSSIA Armenia 2010» երրորդ ամենամյա ռուսական արդյունաբերական ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը, որին բացի հայկական ընկերություններից մասնակցում են 180 գործարարներ Ռուսաստանի 18 մարզերի 70 ընկերություններից:

«EXPO-RUSSIA Armenia 2010» ցուցահանդեսը նպաստում է երկու երկրների գործարար շրջանակների միջև ուղիղ կապեր հաստատելուն և ծանոթացնում է հայ հասարակությանը Ռուսաստանում կիրառվող առաջատար արդյունաբերական տեխնոլոգիաների հետ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի ուղերձում, որը Երևանում ընթերցել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: Նրա խոսքերով, նման միջոցառումներն օրգանապես կապված են Ռուսաստանի և Հայաստանի գործընկերության և համագործակցության ընդհանուր քաղաքականության հետ, որոնք բնութագրվում են տարբեր ոլորտներում փոխազդեցության բարձր դինամիկայով:

Ցուցահանդեսը բաժանված է 12 թեմատիկ բաժինների. էներգետիկա, մետաղագործություն, մեքենաշինություն, տրանսպորտ և լոգիստիկա, երկրաբանություն և լեռնային արդյունաբերություն, շինարարություն, քիմիական արդյունաբերություն, ՏՏ և այլն:

Այս տարվա ցուցադրությունը ներկայացվելու է «2010` ԱՊՀ-ում գիտության և նորարարությունների տարի» նշանաբանով:

Ցուցահանդեսն ընթանում է Ռուսաստանի և Հայաստանի ԱԳՆ-երի աջակցությամբ: Կազմակերպիչներն են «Զարուբեժ-Էքսպո» ԲԲԸ-ն և «Մուլտի գրուպ» կոնցեռնը: