28 հոկտեմբերի 2010 - 17:38 AMT
ՀՀ ԱԳ նախարարը չի պատրաստվում հանդիպել Երևան ժամանած թուրք քաղաքական գործիչների հետ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը չի հանդիպի Ստամբուլից Երևան ժամանած թուրք քաղաքական գործիչների հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: Նրա խոսքով, թուրք քաղաքական գործիչները հանդիպման մասին խնդրանքով դիմել էին ԱԳՆ, սակայն նրանց մերժել են:

Երևանում են գտնվում «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլևիչը և նրա տեղակալ Բայբարս Օրսեքը: «Երևանում մենք մամլո ասուլիս կկազմակերպենք և հայ հասարակայնությանը կներկայացնենք մեր առաջարկները: Մենք կխնդրենք Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման մասին և կխնդրենք նրան մեկնաբանել մեր առաջարկները: Այնուհետև մենք Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուին կներկայացնենք հայ հասարակայնության կարծիքն այդ թեմայի վերաբերյալ: Մենք կհանդիպենք նաև Թուրքիայի նախագահի ու վարչապետի հետ: Մի խոսքով, չի մնա մի դուռ, որը մենք չենք թակի»,- հայտնել է Բեքլևիչը նախքան Հայաստան ժամանելը, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:

Հայաստանում թուրքական գործիչները մտադիր էին մամլո ասուլիս կազմակերպել Գլոբալիզացման ու համագործակցության վերլուծական կենտրոնի հետ համատեղ, սակայն չկարողացան դահլիճ վարձել:

Հոկտեմբերի սկզբին Թունա Բեքլևիչը հայտարարել էր, որ անցել է հայ-թուրքական սահմանն Ախուրյան գետով: Այդ գործողությամբ թուրքական գործիչները ցանկանում էին հիշեցնել մեկ տարի առաջ Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների մասին և սահմանը բացելու կոչ անել: