29 հոկտեմբերի 2010 - 19:07 AMT
Հայաստանն ու Իսրայելը մտադիր են համատեղ ծրագրեր իրականացնել տնտեսության, տուրիզմի, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Շմուել Մեյրոմին։

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, շնորհավորելով դիվանագետին պաշտոնում նշանակվելու առթիվ, վարչապետը համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տնտեսության, առողջապահության, զբոսաշրջության, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։ Տնտեսական հարաբերությունների զարգացման համատեքստում փոխադարձաբար ընդգծվել է գործարար համաժողովների կազմակերպման անհրաժեշտությունը` նպատակաուղղված երկու երկրների մասնավոր հատվածների միջև սերտ կապերի հաստատմանը։

Անդրադառնալով սփյուռքի հետ աշխատանքների կազմակերպման հարցին` Տիգրան Սարգսյանը կարևորել է սփյուռքի կառույցների հետ աշխատելու իսրայելյան փորձի կիրառումը Հայաստանում։