29 հոկտեմբերի 2010 - 21:54 AMT
Եվրոպական խորհրդարանի պատգամավորները հանդիպումներ են ունեցել Հայաստանի Ազգային Ժողովում

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը հոկտեմբերի 29-ին հանդիպեց Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Միշել Ռիվազիի (Կանաչներ-Եվրոպայի ազատական միության խումբ, Եվրանեսթ ԽՎ-ի անդամ) և Դամիեն Աբադի (Եվրոպական ժողովրդական կուսակցության խումբ) հետ:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, ողջունելով հյուրերին, կարևորեց նրանց կատարած այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ինչը, ըստ նրա, պատվիրակություններին առավել լայն հնարավորություն է ընձեռում բազմակողմանիորեն ծանոթանալ ղարաբաղյան հիմնախնդրին, գտնել լուծման ուղիներ:

Համաձայնելով հայ գործընկերների արտահայտած տեսակետների հետ` Եվրոպական խորհրդարանի պատգամավորները հավաստիացրին, որ իրենք քայլեր կձեռնարկեն նոր ռազմավարություն մշակելու ուղղությամբ, եվրախորհրդարանի ուշադրությունը կհրավիրեն իրական փաստերի վրա` չեզոքացնելու բանաձևում տեղ գտած անընդունելի փաստարկումները, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: