2 նոյեմբերի 2010 - 20:18 AMT
Հայաստանում շարունակում է առաջնահերթ մնալ փախստականների բնակարանային ապահովության խնդիրը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի (ՓԳՀ) գրասենյակի Եվրոպայի բյուրոյի փոխտնօրեն Գիլերմո Բետտոչիին եւ ՄԱԿ-ի ՓԳՀ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Դամթյու Դեսալեյնեին: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

Զրուցակիցները քննարկեցին ՀՀ կառավարության ու ՄԱԿ-ի ՓԳՀ գրասենյակի միջեւ ներկա համագործակցության ընթացքը եւ հետագա գործակցության ուղղությունները: Փոխվարչապետը տեղեկացրեց, որ վերջին տարիներին մեծ աշխատանք է կատարվել օրենսդրական դաշտի կատարելագործման ուղղությամբ, սակայն դեռեւս շարունակում է առաջնահերթ մնալ փախստականների բնակարանային ապահովության խնդիրը, որը ամբողջությամբ լուծված չէ: Նա կարեւորեց այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք գործնական արդյունքներ կունենան փախստականների խնդիրների լուծման հարցում` նշելով, որ նմանատիպ, ինչպես նաեւ փախստականների ինտեգրմանն ուղղված ծրագրերի իրականացման հարցում գնահատելի կհամարվի ինչպես ՄԱԿ-ի ՓԳՀ գրասենյակի, այնպես էլ տարբեր դոնոր կազմակերպությունների աջակցությունն ու օժանդակությունը:

Ինչպես հաղորդում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, ՄԱԿ-ի ՓԳՀ գրասենյակի Եվրոպայի բյուրոյի փոխտնօրենն իր հերթին կարեւորեց իրականացված քայլերը` նշելով, որ ՓԳՀ գրասենյակը փախստականների խնդիրների լուծումը դիտարկում է նաեւ ընդհանուր զարգացման ծրագրերի համատեքստում: