4 նոյեմբերի 2010 - 17:22 AMT
Բագրատ Ասատրյան. Հայաստանի այժմյան իշխանությունները հաջորդ սերնդից խլում են ապրուստի միջոցները

Գնաճը ընթացիկ տարվա հոկտեմբերին անցյալ տարվա հոկտեմբերի համեմատ կազմել է 9,1 տոկոս, այն դեպքում, երբ բյուջեով նախատեսված սոցիալական ծախսերի հավելումը շատ ավելի քիչ է: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: «Նման գնաճ է գրանցվել այն դեպքում, երբ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ անցյալ տարվա ընթացքում աճել է 7 տոկոսով, իսկ եվրոյի նկատմամբ՝ 13 տոկոսով: Այսինքն, Հայաստանում գնաճը զսպող միակ գործիքը դա արտարժույթի վաճառքն է՝ ինտերվենցիան, ինչն անթույլատրելի է: Ներկա իշխանությունները հաջորդ սերնդից խլում են միջոցները՝ այս սերնդի գոյությունը մի կերպ ապահովելու համար»,-ասել է նա:

Ըստ Ասատրյանի, պարենային ապրանքների գները տարեսկզբից աճել են ավելի քան 13 տոկոսով, այսինքն թոշակառուների վիճակը հաջորդ տարի ավելի կվատթարանա:

Բացի այդ, նա հայտնել է, որ գնաճի մակարդակով ընթացիկ տարվա 9 ամսում Հայաստանը ԱՊՀ երկրների թվում զիջում է միայն Ուկրաինային: «Ըստ արտահանման ցուցանիշի Հայաստանը վերջին տեղում է ԱՊՀ երկրների թվում՝ զիջելով նույնիսկ Տաջիկստանին, ընդ որում 20 տոկոսով»,-ասել է նա: