8 նոյեմբերի 2010 - 16:03 AMT
Լյուդմիլա Սարգսյան. Արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում ՀԱԿ-ը մեծամասնություն կունենա ԱԺ-ում

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում ՀԱԿ-ը մեծամասնություն կունենա ԱԺ-ում, իսկ հերթական ընտրությունների դեպքում իշխանությունը կվերարտադրի իրեն: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ-ի մաս կազմող Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը:

Ըստ նրա, հերթական խորհրդարանական ընտրությունները ներկա սոցիալական վիճակում կարող են հանգեցնել բնակչության արտահոսքի: «Եթե այսպես շարունակվի, բանը կարող է չհասնել հերթական խորհրդարանական ընտրությունների: Ծանր սոցիալական վիճակը կարող է ժողովրդին ընդվզման հասցնել, ինչը կբերի արտահերթ ընտրությունների»,-ասել է նա:

Անդրադառնալով 2012թ. կայանալիք ԱԺ ընտրությունների հնարավոր արդյունքներին՝ Սարգսյանն ասել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, հավանաբար, ինքնուրույն կմասնակցի ընտրություններին, իսկ «Օրինաց երկիրը» համապատասխան ռեսուրսներ չունի խորհրդարան անցնելու համար:

Անդրադառնալով ՀՅԴ-ի շանսերին՝ Լյուդմիլա Սարգսյանն ասել է, որ ՀՅԴ-ի հիմնական խնդիրն այն է, որ նա ներկայանում է որպես ընդդիմություն, սակայն ժողովուրդն ընկալում է նրան որպես կոալիցիայի մի մաս: Ըստ նրա, հերթական ընտրությունների դեպքում ՀԱԿ-ը կարող է հավաքել քվեների 20 տոկոսը: