8 նոյեմբերի 2010 - 18:15 AMT
ԼՂՀ նախագահ. 2011թ. պետբյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի 3%-ի շեմը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 8-ին Ազգային ժողովի պատգամավորների և կառավարության անդամների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված 2011 թվականի պետական բյուջեի ձևավորման հետ կապված խնդիրների քննարկմանը:

Երկրի ղեկավարը նշել է, որ պետական բյուջեն պետք է լինի հավասարակշռված, իրատեսական և պահպանի իր սոցիալական ուղղվածությունը` միաժամանակ ընդգծելով, որ պետբյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի 3%-ի շեմը: Նախագահը նաև կարևորել է բյուջետային միջոցների նպատակային օգտագործումը, ինչը թույլ կտա ապահովել երկրի զարգացման անհրաժեշտ տեմպերը:

Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: