23 նոյեմբերի 2010 - 13:32 AMT
Դեկտեմբերին հայերը կարող են համտեսել բելառուսական տարեկանի հաց

Բելառուսական ապրանքները Հայաստանում մեծ պահանջարկ են վայելում, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Բելգոսպիշչեպրոմ» սննդի արդյունաբերության բելառուսական պետական կոնցեռնի ներկայացուցիչ Վիկտոր Կրասնյուկը: 2010-ի սեպտեմբերի 30-ից Երևանում գործում է հայ-բելառուսական Ար-Բե առևտրի տունը, որտեղ ներկայացված են շուրջ 5000 անուն բելառուսական արտադրանքներ և կնքվել են 60 պայմանագրեր:

Անդրադառնալով առևտրի տան պլաններին` Վիկտոր Կրասնյուկը նշել է, որ դրանք շատ են: «Անցկացվելու են ծառայությունների քանակի ավելացման միջոցառումներ»,- հավելել է նա: Մասնավորապես, ընթացիկ տարվա դեկտեմբերից թխվելու է բելառուսական տարեկանի հաց սառեցված խմորից, ինչպես նաև նախատեսվում է կազմակերպել մսի արտադրամաս:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ նոյեմբերի 23-ին Երևաում տեղի է ունեցել «Արմպրոդէքսպո-2010» 10-րդ միջազգային պարենային ցուցահանդեսի բացումը, որը տևելու է մինչև նոյեմբերի 26-ը: Ցուցահանդեսում ներկայացված են 60 ընկերություններ, այդ թվում` հայրենական սննդարդյունաբերության լավագույն նմուշները:

Ցուցահադեսի կազմակերպիչներն են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, ԱԳՆ-ն, Երևանի քաղաքապետարանը, Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատը, «Ագրոբիզնեսի զարգացման կենտրոն» ՓԲԸ-ն: