23 նոյեմբերի 2010 - 18:06 AMT
ՀՀ վարչապետն Աբովյան քաղաքում մասնակցել է վերակառուցված էլեկտրական ենթակայանի բացմանը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նոյեմբերի 23-ին Աբովյան քաղաքում ներկա է գտնվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ՀՀ տարածքում 17 ենթակայանների վերակառուցման ծրագրի շրջանակներում արդիականացված թվով 17-րդ էլեկտրական ենթակայանի բացման արարողությանը։ 110 կվ հզորությամբ ենթակայանի վերազինման աշխատանքներն ավարտվել էին այս տարվա սեպտեմբերին:

Ծանոթանալով ենթակայանի հնարավորություններին և շնորհակալություն հայտնելով ռուս գործընկերներին` կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է, որ այդ ծրագիրն ունի բավական երկար պատմություն. կառավարությունը 50 միլիոնանոց ներդրումային ծրագրին մասնակցել է 35 միլիոն դոլարի չափի ներդրումով։ «Կարծում ենք, որ այս ներդրումն իրեն արդարացնելու է, և արդյունքում մենք ունենալու ենք ավելի բարձր հուսալիություն էլեկտրաէներգիայի մատակարարման գործում»,- ասել է նա:

Ծրագիրը, որն իրականացվել է չինական HPCC ընկերության հետ համատեղ, համաֆինանսավորվել է ՀՀ կառավարության և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: