3 դեկտեմբերի 2010 - 17:21 AMT
Աստանայում կրկին բացահայտվեց Ադրբեջանի մեկուսացումը իր ապակառուցողական քաղաքականության մեջ

ԵԱՀԿ Աստանայում կայացած գագաթնաժողովում թե՛ հնգակողմ հայտարարությամբ, թե՛ համանախագահող երկրների բարձր մակարդակի ներկայացուցիչների ելույթներով շատ հստակ արձանագրվեցին հետեւյալ դրույթները. Առաջինը. չի կարելի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքերից ընտրովի առանձնացնել որեւէ մեկը եւ դրոշ դարձնելով փորձել առաջ գնալ` անտեսելով այլ սկզբունքներ: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Աստանայի գագաթնաժողովը արդյունքներին: Ըստ փոխնախարարի, երկրորդ. կարգավորման գործընթացում միանշանակ բացառվում է ուժի կիրառումը խնդիրն իր օգտին լուծելու համար: «Եվ վերջապես երրորդը. դա նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հարցազրույցում եւ ելույթում է արտահայտված. ամրապնդել կրակի դադարեցման ռեժիմը, հետ քաշել դիպուկահարներին: Ընդհանուր առմամբ, եւս մեկ անգամ բացահայտվեց Ադրբեջանի մեկուսացումը իր դեստրուկտիվ քաղաքականության մեջ»,-ասել է Շավարշ Քոչարյանը, հաղորդդում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Նրա խոսքերով, սա կարելի է գնահատել որպես միջազգային հանրության հերթական փորձ՝ Ադրբեջանին իր դեստրուկտիվ դաշտից բերելու դեպի կառուցողական դաշտ: