«Մեր մայրաքաղաքի բնապահպանական դրությունը գրեթե ոչնչով չի զիջում Մոսկվայի բնապահպանական վիճակին»,- դեկտեմբերի 7-ին «Մայրաքաղաքների բնապահպանությունը` մեգապոլիսի խնդիրները» խորագրով Մոսկվա-Երևան հեռուստակամրջի ընթացքում հայտնեց բնապահպան, Հայաստանի բնապահպանության նախկին նախարար, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ընկերակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը:
Նա նշեց, որ Երևանի հիմնական բնապահպանական խնդիրներն են մայրաքաղաքի տրանսպորտը, սխալ քաղաքաշինությունը, այսինքն «կետային շինարարությունը», որը ոչնչացնում է կանաչ գոտիներն ու բակերի տարածքները, ինչպես նաև ուլտրամանուշակագույն ճառագայթներն ու տարածքի սեյսմիկությունը: «Մեր մայրաքաղաքի շրջակա միջավայրի խնդիրները վատթարացնող յուրահատուկ բնական պայմանն այն է, որ քաղաքը գտնվում է գոգահովտում, հատկապես նրա կենտրոնական հատվածը: Հաճախ Երևանի վերևում կարելի է մառախուղի խիտ ամպ տեսնել»,- ասաց Դանիելյանը:
Մոսկվայի Գլխավոր պլանի ինստիտուտի բնական համալիրի պահպանման և զարգացման գիտագործնական բաժնի ղեկավար Ալեքսանդր Մինինն իր կողմից նշեց, որ ՌԴ մայրաքաղաքի հիմնական բնապահպանական խնդիրներից մեկը թափոնների և աղբի խնդիրն է: « Մոսկվայի համար թափոնների խնդիրն ակնհայտ խնդիր է գերբնակեցվածության ու տրանսպորտի խնդիրների հետ մեկտեղ»,- ասաց նա: