8 դեկտեմբերի 2010 - 17:28 AMT
Today’s Zaman. Ադրբեջանին այլևս չի գոհացնում կրտսեր եղբոր դերը

«Թուրքիան ու Ադրբեջանը միշտ հանդես են եկել «Մեկ ազգ՝ երկու պետություն» կարգախոսսով, Թուրքիան որպես ավագ եղբայր, իսկ Ադրբեջանը որպես Թուրքիայով հիացած կրտսեր եղբայր: Սակայն, WikiLeaks-ի հրապարակումները ցույց տվեցին, որ քաղաքական ետնաբեմում Ադրբեջանի ու Թուրքիայի հարաբերություններն այդքան ներդաշնակ չեն, որքան դա ներկայացվում է: Իրականում, Ադրբեջանը Թուրքիայի համար ոչ թե կրտսեր եղբայր է, այլ վառելիքի տեղափոխման համար նախատեսված սայլ»,-գրում է Today’s Zaman-ը:

Հրապարակման մեջ նշվում է, որ Թուրքիան, ելնելով Ադրբեջանի շահերից, 1993թ. փակեց Հայաստանի հետ սահմանը, սակայն երբ վերջին տարիներին Թուրքիան ցանկացավ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, Ադրբեջանն ընդդիմացավ:

«Կասկած է առաջացնում այն փաստը, որ հայ-թուրքական գործընթացի սառեցման պատճառով Բաքվի ու Անկարայի հարաբերությունները կրկին ջերմացան: Անկախ բոլոր հավաստիացումներից, Ադրբեջանը Թուրքիա չէ, աշխարհում կա միայն մեկ պետություն Թուրքիա անվանումով: Ադրբեջանին այլևս չի գոհացնում կրտսեր եղբոր դերը, նա փորձում է ինքնահաստատվել»,-ասվում է Ամանդա Փոլի հոդվածում: