8 դեկտեմբերի 2010 - 18:26 AMT
Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարական է տվել

Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարական է տվել: Հրաժարականի պատճառը միջադեպն է, որ տեղի է ունեցել նրա և ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգային ծառայության աշխատակից Արամ Կանդայանի միջև:

Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ին հանրահայտ տենոր Պլասիդո Դոմինգոյի երևանյան համերգի ժամանակ: Մասնավորապես, Բեգլարյանի տիկինը և նրա ընկերուհին զբաղեցրել են Հայաստանի նախագահի համար նախատեսված տեղերի հարևան աթոռները, որտեղ ըստ արարողակարգի իրավունք ունեն նստելու միայն Ամենայն Հայոց կաթողիկոսը, ԱԺ խոսնակը և վարչապետը: Արամ Կանդայանը խնդրել է Բեգլարյանի տիկնոջը մեկ այլ տեղ զբաղեցնել: Սակայն, այդ խնդրանքը առաջացրել է վերջինիս վրդովմունքը, որն այդ միջադեպի առնչությամբ բողոքել է ամուսնուն: Իր հերթին Գագիկ Բեգլարյանը խնդրել է նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին հանդիպում կազմակերպել Արամ Կանդայանի հետ, որին նախկին քաղաքապետը տարել է իրեն պատկանող «Մետաքս» կոմբինատ և դաժան ծեծի ենթարկել:

Այսօր ՀՀ նախագահի մամլո քարտուղար Արմեն Արզումանյանը լրագրողներին հաստատել է, որ միջադեպ, իրոք, տեղի է ունեցել, սակայն, ասել է, որ առևանգման և ծեծի ենթարկելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: