11 դեկտեմբերի 2010 - 16:42 AMT
Ռաուլ դը Լյուցենբերգեր. Հայաստանը պետք է բարելավի գործարար մթնոլորտն ու կենտրոնանա արտահանման վրա

Հայաստանից արտահանման խթանման համար հարկավոր է պարզել, թե որ ձեռնարկությունները կարող են արտահանել իրենց արտադրանքը, և աջակցել նրանց զարգացմանը, ինչպես նաև խթանել միջազգային ընկերությունների մուտքը երկիր, ինչը թույլ կտա ապահովել գիտությունների ու տեխնոլոգիաների փոխանցումը ՀՀ-ին: Նման կարծիք է հայտնել Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը` ելույթ ունենալով «Արտահանման խթանման խնդիրները Հայաստանում» խորհրդարժողովում: «Մեր շուկան փոքր է և միայն ներքին սպառողի համար նախատեսված արտադրությունն ապագա չի կարող ունենալ: Միջազգային շուկաները անսահմանափակ պահանջարկ կարող են ներկայացնել հայ արտադրողներին»,-ասել է նա:

Իր հերթին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դը Լյուցենբերգերը ասել է, որ Եվրամիությունը, բացի նրանից, որ ցածր հարկեր է սահմանել հայկական արտադրանքի համար, նպաստում է նաև բարեփոխումների իրականացմանը մաքսային համակարգում, ինչը թույլ կտա պարզեցնել անցակետերով անցնելու կարգը և կրճատել կոռուպցիան: «Մենք կարող ենք ունենալ առևտրի պարզեցված երկկողմ պայմանագիր: ԵՄ-ի տրամադրած GSP+ համակարգը միակողմանի է, իսկ Հայաստանն իր կողմից պետք է նվազեցնի սակագները՝ համապատասխանելու համար ԵՄ չափանիշներին: Երկիրը պետք է լուրջ աշխատանք կատարի համապատասխանելու համար ԵՄ չափանիշներին»,-ասել է նա:

Բացի այդ, Լյուցենբերգերը գտնում է, որ Հայաստանը պետք է բարելավի գործարար մթնոլորտն ու կենտրոնանա արտահանման վրա, քանի որ դա է երկրի ապագան: