14 դեկտեմբերի 2010 - 13:20 AMT
Հայաստանի 2010 թվականի լավագույն մարզիկ է ճանաչվել Տիգրան Մարտիրոսյանը

Հայաստանի սպորտային լրագրողների ֆեդերացիան ամենամյա ավանդական հարցում կատարեց 47 սպորտային լրագրողների` 2010 թվականի Հայաստանի լավագույն մարզիկին որոշելու համար:

Քվեարկության համաձայն տարվա լավագույն մարզիկ դարձավ այս տարվա Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ծանրամարտիկ Տիգրան Մարտիրոսյանը:

Երկրորդ տեղը զբաղեցրեց բլից շախմատի աշխարհի չեմպիոն Լևոն Արոնյանը, երրորդը` աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը:

Լավագույն թիմ ճանաչվեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, որը EUOR-2012 նախընտրական մրցաշարում հաղթեց Սլովակիայի և Անդորրայի հավաքականներին, FIFA վարկանիշում 517 միավորով բարձրացավ 59-րդ տեղը և B խմբում 3-րդ տեղում է:

Երրորդից տասներորդ տեղերն ունեն հետևյալ պատկերը`հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Յուրի Պատրիկեև, բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Հրաչիկ Ջավախյան, աշխարհի չեմպիոն, սամբիստ Աշոտ Դանիելյան, Եվրոպայի փոխչեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, ծանրամարտիկ Մելինե Դալուզյան, Եվրոպայի չեմպիոն, ծանրամարտիկ Գևորգ Պողոսյան, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Ռոման Ամոյան և երիտասարդների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր և աշխարհի չեմպիոն, ծանրամարտիկ Ռուբեն Ալեքսանյան: