15 դեկտեմբերի 2010 - 15:10 AMT
ՀՀ-ում Գերմանիայի դեսպան. Կոսովոն չի կարող նախադեպ լինել Ղարաբաղի համար

Գերմանիան ըմբռնումով է վերաբերվում Հայաստանի դիրքորոշմանը, որի համաձայն ղարաբաղյան կարգավորման բոլոր երեք հիմնական սկզբունքները հարկավոր է դիտարկել որպես մեկ միասնություն: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը Երևանում հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհան Շմիդտը՝ պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին:

«Մենք ըմբռնումով ենք մոտենում նաև այն փաստին, որ Հայաստանի նախագահը որոշեց չմեկնել Լիսաբոն՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Այդպիսով, նա հստակ ցուցադրեց, որ հարկավոր է կիրառել երեք սկզբունքները ղարաբաղյան կարգավորման համար»,-ասել է գերմանացի դիվանագետը: Մենք հասկանում ենք, որ Հայաստանը հղում է անում Հաագայի դատարանի որոշմանը Կոսովոյի անկախության օրինական ճանաչման վերաբերյալ: «Անձամբ ես և գերմանացիները, հաշվի առնելով մեր անցյալը, պաշտպանում ենք ինքնորոշման իրավունքը, սակայն, ըստ մեր կառավարության դիրքորոշման, Կոսովոն չի կարող նախադեպ լինել Ղարաբաղի համար»,-ասել է Շմիդտը: