15 դեկտեմբերի 2010 - 15:24 AMT
Լիտվական ընկերությունը կզբաղվի Հայկական ԱԷԿ-ի արդիականացմամբ

Baltijos informacinės sistemos լիտվական ընկերությունը հաջորդ տարի զբաղվելու է Հայաստանում ատոմային էլեկտրակայանի արդիականացմամբ: Գործարքի արժեքը կազմում է 3.45 մլն լիտ, հաղորդում է delfi.lt-ը:

«Ռուսաստանի կողմից 1976-ին կառուցված ԱԷԿ-ը չունի աշխատանքի դադարեցման ռեզերվային վթարային վահանակ և հետվթարային դիտարկման համակարգ: Մեր խնդիրն է ներմուծել այդ համակարգերը, որպեսզի ԱԷԿ-ը համապատասխանի անվտանգության ժամանակակից պահանջներին»,- ասել է Baltijos informacinės sistemos ընկերության գլխավոր տնօրեն Կաստիտիս Բուտկուսը:

Նրա խոսքերով, Հայաստանում ԱԷԿ արդիականացման նախագիծն ընկերությանը ոչ միայն նոր փորձ կհաղորդի, այլ նաև ապագայում հաջող զարգացում կապահովի ԱՊՀ երկրներում:

«Մենք հաճախորդներ ունենք ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, սակայն, իմ կարծիքով, ԱՊՀ շուկան այնպիսին է, որ կարելի է շատ բան անել: Մենք նախատեսում ենք ապագայում աշխատել այս տարածաշրջանում. հիմա խոսքը գնում է Ղազախստանում, Ադրբեջանում և ԱՊՀ այլ երկրներում նոր նախագծերի մասին»,- նշել է նա:

Baltijos informacinės sistemos լիտվական ընկերությունը միակն է Լիտվայում, որը զբաղվում է ատոմային էներգետիկայի հսկողության և կառավարման համակարգերով: