16 դեկտեմբերի 2010 - 13:44 AMT
ՀԺԿ-ն հերքում է հաղորդագրությունները ՀԱԿ-ում առկա տարաձայնությունների մասին

Հայաստանի ժողովրդական կուսակցությունը Հայ ազգային կոնգրեսի շարքերում կշարունակի պայքարը երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը:

Ըստ նրա, ՀԱԿ-ը շարունակում է մնալ միակ լուրջ ընդդիմադիր ուժը Հայաստանում և բոլոր խոսակցությունները ՀԱԿ-ի փլուզման մասին չեն համապատասխանում իրականությանը: Ինչպես նշել է Հարությունյանը, ՀԺԿ-ի ու ՀԱԿ-ի միջև չկան լուրջ տարաձայնություններ Հայաստանի առջև ծառացած առանցքային խնդիրների վերաբերյալ: «Մենք գտնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման նախագիծը քվեարկության դնելը սխալ որոշում էր, մենք տեսանք արդյունքները: Կոալիցիան ու խորհրդարանական ընդդիմությունը պետք է որոշակի փոխզիջման գան: Այսօր, երբ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, սխալ է խոսել Արցախի անկախության ճանաչման մասին»,-ասել է Հարությունյանը՝ հավելելով, որ կարգավորման ընթացքում հայկական կողմը չպետք է զիջումների գնա առանց ճշտելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:

Խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ ՀԺԿ ներկայացուցիչն ընդգծել է, որ Հայաստանի նախաձեռնած ֆուտբոլային դիվանագիտությունն այս տարի վերջնականապես ձախողվեց: Ինչ վերաբերում է ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես, Երևանի քաղաքապետի հրաժարականին, ապա Գրրգոր Հարությունյանն ընդգծել է, որ այդ գործընթացները ոչ այլ ինչ են, քան ուժերի վերադասավորում ընտրություններից առաջ: