16 դեկտեմբերի 2010 - 17:03 AMT
«Կինոաշունը» Հայաստանում բարի ավանդույթ կդառնա

Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ այս տարի առաջին անգամ անցկացվեց «Կինոաշուն» փառատոնը: «Այժմ հոկտեմբերը կլինի ազգային կինոյի ամիս և ամեն տարի հոկտեմբերին կցուցադրվեն հայկական ֆիլմեր: «Կինոաշուն» փառատոնի նպատակն է վերականգնել հայրենական ֆիլմերի ցուցադրության ավանդույթը»,-դեկտեմբերի 16-ին լրագրողներին է ասել Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:

Ըստ նրա, «Կինոաշունը» դրական արձագանք ստացավ ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում: Գևորգ Գևորգյանը նշեց, որ Արմավիրում, Գեղարքունիքում, Կոտայքում, Շիրակում ողջ ամիս ցուցադրվեցին հին ու նոր հայկական ֆիլմեր:

«Մենք մտադիր ենք մի փոք փոխել «Կինոաշունի» ձևաչափը: Մենք ցանկանում ենք վերականգնել կինոցանց հասկացությունը, կենտրոններ ստեղծել մարզերում և Երևանի համայնքներում, մշտապես ֆիլմերի ցուցադրություններ կազմակերպելու համար, ինչպես նաև ցուցադրություններ կկազմակերպվեն բաց երկնքի տակ»,-ասել է Գևորգյանը: