18 դեկտեմբերի 2010 - 14:13 AMT
ԱՄՆ-ի ադրբեջանցիները «պատերազմ են հայտարարել» ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը

ԱՄՆ-ի ադրբեջանական համայնքը «արշավ է սկսել» ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղաասպանության մասին 252 բանաձևի ընդունման դեմ: ԱՄՆ ադրբեջանցիների ցանցը (USAN) այդ առնչությամբ հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ «այդ բանաձևի նախագիծը չի նպաստի խաղաղությանն ու կայունությանը աշխարհի ոչ մի կետում, հակառակը, կավելացնի լարվածությունը, կվատթարացնի ԱՄՆ-Թուրքիա, ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները: Այդ նախագիծը լուրջ վնաս է հասցնում Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Անատոլիայում և Միջին Արևելքում»,-գրում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Այն մասին, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը առաջիկա 48 ժամում կարող է քննարկվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, նախօրեին PanARMENIAN.Net-ի թղթակցին էր հայտնել Ամերիկայի Հայ Դատի հանձնաժմբի (ANCA) մամլո քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը: Ըստ նրա, ANCA-ն կոչ է անում ԱՄՆ հայերին զանգահարել իրենց կոնգրեսականներին և պահանջել նրանցից «կողմ» քվեարկել 252 բանաձևին:

Հիշեցնենք, որ ԱՀԴՀ-ն, ինչպես նաև շոու-բիզնեսի ծագումով հայ հայտնի ներկայացուցիչներ ակցիա են նախաձեռնել` Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին կոչ անելով քվեարկության առաջադրել Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը նախքան ԱՄՆ Կոնգրեսի 110-րդ գումարման աշխատանքների ավարտը: