7 հունվարի 2011 - 15:14 AMT
Ֆրանսիան ու Գերմանիան իսլամը սպառնալիք են համարում ազգային ինքնությանը

Միլիոնավոր ֆրանսիացիներ ու գերմանացիներ իսլամը սպառնալիք են համարում ազգային ինքնությանը: Այդ մասին են վկայում Ֆրանսիայում և Գերմանիայում IFOP ընկերության կողմից անցկացված վերջին հարցման արդյունքները: Ըստ հարցման արդյունքների, ֆրանսիացիաների 68 տոկոսը և գերմանացիների 75 տոկոսը գտնում են, որ մահմեդականներին չի հաջողվել ինտեգրվել արևմտյան հանրությանը, իսկ մոտ 40 տոկոսը վստահ է, որ իսլամի հետևորդները սպառնալիք են ներկայացնում իրենց ազգային ինքնությանը:

IFOP ընկերության ներկայացուցիչ Ժերոմ Ֆուրկիեն նշում է, որ խոսքը ոչ թե անվտանգության սպառնալիքի կամ գործազրկության մակարդակի մասին է: Հարցման մասնակիցներին ամենից շատ հուզում է իրենց ազգային ինքնության պահպանումը: Հետազոտման արդյունքում հարցման է ենթարկվել 1 600 չափահաս մարդ՝ 800-ական յուրաքանչյուր երկրից, հաղորդում է newsru.co.il-ը:

Ֆրանսիայում բնակվում է 6 մլն մահմեդական, որոնց մեծ մասը Հյուսիսային Աֆրիկայի երկրներից է, Գերմանիայում՝ մոտ 4,5 մլն մահմեդական, որոնցից 2 մլն նախորդ դարի 60-ականներին այստեղ տեղափոխված թուրքերն են ու նրանց սերունդը: