Հունվարի սկզբին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային այցելությամբ գտնվում էր Լատինական Ամերիկայում: Հունվարի 4-ին Հայաստանի արտգործնախարարը ժամանեց Արգենտինա: Բուենոս Այրեսում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր արգենտինցի պաշտոնակից Հեկտոր Մարկոս Տիմերմանի հետ: Հանդիպումը սկսվեց առանձնազրույցի, ապա շարունակվեց աշխատանքային ճաշի տեսքով:
Հայաստանի արտգործնախարարը վերահաստատեց Երեւան այցելելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը՝ ուղղված Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչներին:
Հայաստանի եւ Արգենտինայի արտգործնախարարների հանդիպմանը մանրամասն անդրադարձ կատարվեց երկկողմ փոխգործակցության տարբեր ոլորտներին` քաղաքական երկխոսության ակտիվացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, տնտեսական կապերի զարգացմանը եւ մշակութային փոխանակումների կազմակերպմանը:
Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց նախորդ տարի Երեւանում Արգենտինայի դեսպանության բացման կապակցությամբ: Երկուստեք ընդգծվեց արգենտինահայ համայնքի զգալի ներդրումը երկկողմ համագործակցության խորացման գործում, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
Նախարարները հանգամանալից զրույց ունեցան միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ: Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիսիո Մակրիի հետ: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Երեւանի եւ Բուենոս Այրեսի միջեւ փոխգործակցության զարգացմանը: