14 հունվարի 2011 - 12:46 AMT
Փետրվարին Երևանում տեղի կունենա «Վենետիկի մենակատարները» նվագախմբի համերգը

Երևանում 2011թ. մշակութային ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Հայաստանում Իտալիայի դեսպանատունը, փետրվարի 11-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում համերգով հանդես կգա հայտնի իտալական «Վենետիկի մենակատարները» նվագախումբը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել Հայաստանում Իտալիայի դեսպանատունը:

Համերգի ծրագիրը բաղկացած է կլասիցիզմի և բարոկկոյի դարաշրջանի իտալացի ականավոր կոմպոզիտորներ Անտոնիո Վիվալդիի, Ռոսսինիի, Ալբինիոնիի ստեղծագործություններից: Կկատարվեն նաև Էնիո Մորիկոնեի ստեղծագործությունները: Նվագախմբի ղեկավարն ու դիրիժորը Կլաուդիո Շիմոնեն է:

Միջոցառման հովանավորն է Գագիկ Ծառուկյանի անվան բարեգործական հիմնադրամը:

«Վենետիկի մենակատարները» նվագախումբը ստեղծվել է 1959թ. Պադուայում դիրիժոր Կլաուդիո Շիմոնեի կողմից, որն արժանացել է «Կյանքը երաժշտության մեջ» պարգևին: Եարժշտության ասպարեզում այդ պարգևը հավասարեցվում է Նոբելյան մրցանակին: