17 հունվարի 2011 - 17:29 AMT
Ալ Պաչինոն ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակը «Բժիշկ Մահի» դերակատարման համար

Աշխարհահռչակ դերասան Ալ Պաչինոն արժանացել է «Ոսկե գլոբուս» կինոմրցանակին «Բժիշկ Մահի»՝ ամերիկահայ բժիշկ Ջեկ Գևորգյանի դերը Բարրի Լևինսոնի «Դուք չեք ճանաչում Ջեկին» ֆիլմում կատարելու համար:

«Ինձ համար շատ բարդ էր կատարել իրական մարդու, ոչ թե հորինված հերոսի դեր»,-ասել է Ալ Պաչինոն «Ոսկե գլոբուսի» 68-րդ մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի է ունեցել հունվարի լույս 17-ի գիշերը:

«Դուք չեք ճանաչում Ջեկին» ֆիլմի հիմքում իրական պատմություն է: Ջեկ Գևորգյանը էվտանազիայի կողմնակից է և ցանկանում է հասնել նրան, որ այն օրինականացվի: 1990-98թթ. նա օգնել է 130 հիվանդների հեռանալ կյանքից: Գևորգյանի դեմ մեղադրանքներ հաջողվեց առաջադրել միայն 1999թ., երբ իրավապահների ձեռքում հայտնվեց 52-ամյա Թոմաս Յորքի ինքնասպանության տեսանյութը: Գևորգյանը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման և ազատ արձակվեց միայն 2007թ.:

«Ոսկե գլոբուսը» շնորհվում է Հոլիվուդի օտարերկյա մամուլի ասոցիացիայի կողմից 1944 թվականից: Ասոցիացիան միավորում է մոտ 100 լրագորղների, որոնք բնակվում են Կալիֆորնիայում և գրում են ամերիկյան կինոարտադրության մասին արտերկրի պարբերականների համար: