18 հունվարի 2011 - 17:48 AMT
«Մանկական Եվրատեսիլ 2011»-ը կկայանա Հայաստանում

Դեկտեմբերի 3-ին Երևանում տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2011»-ը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Եվրատեսիլ 2011»-ի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: «Ես գտնում եմ, որ նման միջոցառման շնորհիվ Հայաստանն ավելի ճանաչված կդառնա աշխարհում»,-ասել է Գասպարյանը:

Ըստ նրա, մրցույթը տեղի կունենա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սպորտային դահլիճում: «Շվեդիայից ժամանած փորձագետը հիացած էր մեր առաջարկած պայմաններով»,-ասել է Գ.Գասպարյանը:

Նա նշել է, որ Մանկական Եվրատեսիլում չի գործում այն սկզբունքը, երբ միջոցառումն անց է կացվում այն երկրում, որի ներկայացուցիչը հաղթել է մրցույթում:

Իր հերթին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը հավելել է, որ Հայաստանը հոյակապ շոու կներկայացնի, որը չի զիջի մակարդակով մեկ այլ երկրի շոուին: «Միջոցները կբավականացնեն ամեն ինչ ինչպես հարկն է կազմակերպելու համար: Ֆինանսավորման մի մասն իր վրա կվերցնի Եվրոպական հեռարձակողների միությունը»,-ասել է նա՝ հավելելով, որ նախատեսվում է հրավիրել համաշխարհային մեծության աստղերի:

Սովորաբար «Մանկական Եվրատեսիլին» մասնակցում է 18-20 երկիր: