20 հունվարի 2011 - 18:07 AMT
Եվրախորհրդարանը պատժամիջոցներ է սահմանում Բելառուսի դեմ

Եվրախորհրդարանը ընդունել է բանաձև, որով պահանջվում է արգելել մուտքը Եվրոպա այն բելառուս պաշտոնյաների, դատավորների ու ուժային կառույցների ղեկավարների համար, որոնք մասնակից են անկարգությունների ճնշմանը Բելառուսի նախագահի դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած ընտրություններից հետո: Պատժամիջոցների վերացումը խորհրդարանականները պայմանավորել են ընտրություններից հետո ձերբակալված ընդդիմության առաջնոդների ազատ արձակմամբ, որոնցից շատերը նաև նախագահության թեկնածու էին:

Բանաձևի հեղինակները խստորեն դատապարտել են ուժի կիրառումը բելառուսական միլիցիայի և ՊԱԿ-ի կողմից և պահանջել են անկախ միջազգային հետաքննություն: Եվրախորհրդարանականները կոչ են արել նաև կրկնել քվեարկությունը ըստ միջազգային չափանիշների, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

2006 թ. պատժամիջոցներ էին սահմանվել 40 բելառուս պաշտոնյաների հանդեպ:

2008թ. արգելքի գործողությունը կասեցվեց 36 անձանց նկատմամբ, այդ թվում նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդեպ: