25 հունվարի 2011 - 12:59 AMT
Պիտեր Սեմնեբի. Բաքվում ես խոսել եմ ղարաբաղյան կարգավորման բոլոր երեք սկզբունքների, այլ ոչ թե մեկի մասին

Բաքու կատարած այցի ընթացքում խոսքը գնացել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր երեք սկզբունքների մասին, այլ ոչ թե բացառապես պետության տարածքային ամբողջականության մասին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նրա խոսքերով, ԵՄ դիրքորոշումն անփոփոխ է և հիմնված ուժի չկիրառման, ազգերի ինքնորոշման իրավունքի և պետության տարածքային ամբողջականության սկզբունքների վրա:

Նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ Բաքվում կայացած հանդիպման ընթացքում Պիտեր Սեմնեբին խոսել է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Ավելի վաղ, նման տեղեկատվություն է եղել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզուի այցի ժամանակ, որը հերքվել է ԵՄ պաշտոնական կայքում: