27 հունվարի 2011 - 17:32 AMT
Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Բուլղարիայի դեսպանի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Թոդոր Ստայկովի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին` պաշտոնավարման ընթացքում երկու երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդմանն ու բարեկամությանն ուղղված ջանքերի համար:

Հանրապետության ղեկավարը գոհունակությամբ է խոսել հայ-բուլղարական առևտրատնտեսական կապերի և երկու երկրների միջև այդ ոլորտում արձանագրված ցուցանիշների մասին, որոնք nախագահի հավաստմամբ, բարձրացել են` գրեթե հասնելով մինչճգնաժամային մակարդակին:

Երկուստեք նշվել է, որ հաջողությամբ զարգանում են հարաբերությունները հումանիտար ոլորտում, Հայաստանը և Բուլղարիան լավագույնս համագործակցում են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Հանդիպման ավարտին nախագահ Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել Թոդոր Ստայկովին` նրա հետագա գործունեության մեջ և նշել, որ Հայաստանում միշտ ուրախ են հյուրընկալելու բարեկամներին: