ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, 111-րդ Կոնգրեսի աշխատանքի վերջին օրերին Մեթյու Բրայզային նշանակելով որպես Ադրբեջանում ԱՄՆ դեսպան, հիմա Սենատի աջակցությունն է ակնկալում դիվանագետի ծառայության ժամկետը Բաքվում երկարացնելու համար: Այդ մասին ասվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) կողմից ստացված հաղորդագրությունում:
«Բրայզայի թեկնածության առաջադրումը և նրան Բաքվում դեսպան նշանակելը վկայում է այն մասին, որ ամերիկյան վարչակազմին բոլորովին չեն անհանգստացնում Բրայզայի կասկածելի սերտ հարաբերություններն Ադրբեջանի կառավարության հետ, ինչպես նաև շահերի մշտական բախումը` կապված Կասպից ծովի էներգետիկ հատվածի հետ: ԱՄՆ-ի հայազգի ընտրողները հերթական անգամ հիասթափված են, քանի որ նախագահ Օբաման, չկատարելով հայ համայնքին տված բազմաթիվ խոստումները, փորձում է ճնշում գործադրել Սենատի վրա այդ վիճահարույց թեկնածությունը հաստատելու համար: Մենք հուսով ենք, որ սենատորները կպահպանեն ԱՄՆ շահերը և ամերիկյան արժեքները` հնարավոր ամեն ինչ անելով այդ թեկնածության հաստատումը կանխելու համար»,- հայտարարել է ANCA տնօրեն Արամ Համբարյանը:
Չնայած դեմոկրատ սենատորներ Բարբարա Բոքսերի և Ռոբերտ Մենենդեսի գլխավորությամբ Սենատի ընդդիմությանը` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2010-ի դեկտեմբերի վերջին հայտարարեց, որ Մեթյու Բրայզային նշանակելու է Բաքվում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: 111-րդ Կոնգրեսի աշխատանքի վերջին օրերին նախագահի գործողություններն առաջացրել են ԱՄՆ հայերի լուրջ անհանգստությունը: