31 հունվարի 2011 - 11:29 AMT
Smart Systems-ը վերականգնել է հաքերային հարձակման ենթարկված 295 կայքերի կեսից ավելին

Smart Systems ընկերության սերվերում տեղակայված կայքերի կեսից ավելին, որոնք ենթարկվել են հաքերային գրոհի, վերականգնվել են: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են Smart Systems-ից: Տվյալ պահին ընկերությունը շարունակում է աշխատել կայքերի վերականգնման վրա:

Հունվարի 29-ին Smart Systems հայկական հոսթինգ պրովայդերի սերվերը գրոհի է ենթարկվել մի խումբ հաքերների կողմից, որի արդյունքում շարքից դուրս են եկել 295 հայկական կայքեր: Այդ կայքերում տեղադրվել են թուրքերենով հակահայկական կարգախոսներ: Դրանց շարքում են` Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ), POPOK գովազի միջազգային փառատոնի կայքերը, մի շարք օնլայն խանութների և կոմերցիոն ընկերությունների կայքեր: Չի աշխատում նաև job.am կայքը, երգչուհի Էմմի կայքը: Մի քանի կայքեր արդեն վերականգնվել են (Smart Systems-ի կայքը, i-shop.am, eurovision.am, wedding.am և այլն):