1 փետրվարի 2011 - 19:15 AMT
Ուկրաինան կարող է Հայաստանին լիզինգով ավտոբուսներ տրամադրել

Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը փետրվարի 1-ին ընդունել է Հայաստանում Ուկրաինայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային:

Ինչպես հաղորդում է նախարարի մամլո քարտուղար Սուսաննա Տոնոյանը, հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև այս տարի Ուկրաինայում անցկացվելիք հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստին առնչվող հարցեր: Դեսպան Իվան Կուխտան նշել է, որ երկուստեք կան տնտեսության զարգացման մեծ հնարավորություններ և անհրաժեշտ է դրանք ակտիվացնել:

Իվան Կուխտան ներկայացրել է Երևանի մետրոպոլիտենի համար ուկրաինական արտադրության շարժակազմի ձեռքբերման, ինչպես նաև նոր ավտոբուսների ներկրման հնարավորությունները: Նախարար Մանուկ Վարդանյանն իր հերթին առաջարկել է քննարկել ավտոբուսների լիզինգով տրամադրելու հնարավոր տարբերակները: