2 փետրվարի 2011 - 12:51 AMT
Ազատ Հովհաննիսյանը հանդես կգա պրոֆեսիոնալ ռինգում

Վիկ Դարչինյանի մենեջեր Էլիաս Նասերը հաղորդել է, որ Դարչինյանի թիմը պատրաստվում է պրոֆեսիոնալ պայմանագիր կնքել ևս մեկ հայ բռնցքամարտիկ Ազատ Հովհաննիսյանի հետ:

Ազատ Հովհաննիսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է իր անցումը պրոֆեսիոնալ բռնցքամարտ: «Սիրողական բռնցքամարտում ես լավ արդյունքների եմ հասել և որոշել եմ ցույց տալ ինձ նաև պրոֆեսիոնալ ռինգում, որն ավելի մեծ հնարավորություններ և փառք է տալիս: Ինձանով հետաքրքրվել են մի քանի փրոմոութերական ընկերություններ, որոնք դիտել են իմ մենամարտերի տեսագրությունները: Բայց ես նախընտրությունը տվել եմ Դարչինյանի թիմին, քանի որ լավ գիտեմ նրան»,- ասել է Հովհաննիսյանը:

Սիրողական ռինգում Հովհաննիսյանն անցկացրել է 291 մարտ և տարել 267 հաղթանակ (194 KO): «Հովհաննիսյանը մահացու հարված ունի և նա հիանալի բռնցքամարտում է թե աջ, թե ձախ ձեռքով: Մենք պատրաստ ենք նրան լավ վճարել և լավ պայմաններ առաջարկել, ու առաջիկայում նա տեղափոխվելու է Ավստրալիա և անցկացնելու է իր առաջին պրոֆեսիոնալ մարտը տարվա կեսին»,- Նասերի խոսքերը հաղորդում է allboxing.ru-ն: