3 փետրվարի 2011 - 18:16 AMT
Հայաստանի նկարիչների միությունը նկարներ կնվիրաբերի Արցախի պատկերասրահին

Հայաստանի նկարիչների միության մեծ դահլիճում փետրվարի 4-ին կբացվի այն նկարների ցուցահանդեսը, որոնք Հայաստանի կողմից տրամադրվելու են ԼՂՀ-ում բացվելիք Ազգային պատկերասրահին: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը: Նրա խոսքով, ցուցադրվելու է նկարիչների միության պահոցներից առաձնացված մոտ 100 աշխատանք: Բացի այդ, ՀՀ մշակույթի նախարարությունը կհատկացնի հինգ մեծ աշխատանք եւ առանձին նկարիչների կողմից տրամադրված նկարներ: «Այս հավաքածուն կգումարվի Մոսկվայում արդեն առկա հավաքածուին եւ կդառնա Ղարաբաղում բացվելիք պատկերասրահի հիմքը»,- ասաց Աղամյանը:

Աղամյանը ակնկալում է, որ մշակույթի նախարարությունն իր պահոցների այլ նկարներ ևս կտրամադրի Ստեփանակերտի նորաստեղծ պատկերասրահին: Հաշվի առնելով պահոցների անբարենպաստ պայմանները՝ Աղամյանը նամակով դիմել է ՀՀ մշակույթի նախարարին` առաջակելով որոշ գործեր տրամադրել Արցախի պատկերասրահին: