5 փետրվարի 2011 - 11:22 AMT
Մյունխենում ՀՀ նախագահը հանդիպել է Ավստրալիայի ԱԳ նախարարի հետ

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մյունխենում մեկնարկած անվտանգության քաղաքականության հարցերով համաժողովի առաջին օրվա ավարտին հանդիպում է ունեցել Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Քևին Րուդի հետ:

Հանրապետության ղեկավարը Ավստրալիայի արտաքին գերատեսչության ղեկավարի հետ քննարկել է ինչպես հայ-ավստրլիական երկկողմ հարաբերությունները և դրանց զարգացմանն ուղղված հնարավորությունները, այնպես էլ միջազգային կազմակերպություններում երկու երկրների միջև համագործակցությանն առնչվող հարցեր:

Զրուցակիցները կարևորել են երկկողմ կապերի ամրապնդման կամուրջ հանդիսացող Ավստրալիայի հայ համայնքի դերը, որը նրանց կարծիքով, կարող է մեծապես նպաստել նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական փոխգործակցության ակտիվացմանը: Անդրադարձ է եղել Հայաստանի տնտեսության մեջ ավստրալիական ներդրումների ներգրավման հնարավորություններին:

Նախագահ Սերժ Սարգսյանը Մյունխենում փետրվարի 5-ին կշարունակի մասնակցել անվտանգության քաղաքականության հարցերով համաժողովին և դրա շրջանակներում երկկողմ հանդիպումներ ունենալ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: