9 փետրվարի 2011 - 18:32 AMT
Կաթողիկոսն ու Սերգո Կարապետյանը քննարկել են ՀԱԵ և գյուղնախարարության համագործակցությունը

Փետրվարի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ գյուղատնտեսության նորանշանակ նախարար Սերգո Կարապետյանին: Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը բերեց նախարարին` մաղթելով բարի արդյունավորում կարևոր ծառայության մեջ:

Ինչպես հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանը, Նորին Սրբությունը, գուղատնտեսությունը նկատելով երկրի տնտեսության առաջնային ոլորտներից մեկը, ընդգծեց գյուղացիների հոգսի թեթևացման անհրաժեշտությունը, որպեսզի գյուղական վայրերի բնակիչները կապված մնան հայրենի հողին, չլքեն իրենց օջախները` արտագնա աշխատանք փնտրելով օտար երկրներում:

Սերգո Կարապետյանն իր հերթին ներկայացրեց առաջիկա ծրագրերը և ձեռնարկվելիք այն քայլերը, որոնցով հնարավոր կլինի փուլ առ փուլ լուծել ոլորտի խնդիրները:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և նախարարը քննարկեցին նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և նախարարության միջև համագործակցության ուղիները: Վեհափառ Հայրապետը Մայր Աթոռի կողմից ներկայացուցիչ նշանակեց` համագործակցության առավել արդյունավետ կազմակերպման համար: