10 փետրվարի 2011 - 18:15 AMT
ԵՄ-ն մտահոգված է ռասիզմի դրսևորումներով Թուրքիայում

Թուրք դպրոցականների «Ես երջանիկ եմ, որ թուրք եմ» ամենօրյա պարտադիր երդումը ռասիստական է: Այդ մասին ասվում է Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի՝ ECRI զեկույցում: Զեկույցում նշվում է, որ Թուրքիայում չի նկատվում ազգային փոքրամասնությունների վիճակի բարելավում, իսկ կրոնական փորքամասնությունների հանդեպ խտրականությունը տագնապ է առաջացնում:

«Թեև Թուրքիայի կառավարության նախաձեռնությունները քրդերի, գնչուների, ալեվիտների ու ոչ մահմեդական կրոնական փոքրամասնությունների հանդեպ լավատեսություն են ներշնչում, Թուրքիայի օրենսդրության մեջ չկան ռասիզմի և խտրականության համար պատիժ սահմանող հոդվածներ: Այդ փոքրամասնությունների երեխաների համար դժվար է կրթություն ստանալ, քանի որ չկան դասագրքեր, ուսուցիչներ: Նրանց պատժում են մայրենիով ասված նույնիսկ մի քանի բառի համար: Դա դիտարկվում և դատապարտվում է ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքով»,-ասվում է զեկույցում, գրում է թուրքական «Հյուրիեթը»: