11 փետրվարի 2011 - 20:04 AMT
Հայաստանն այս տարի առաջին անգամ Եվրախորհրդին կներկայացնի թրաֆիկինգի դեմ պայքարի ազգային զեկույցը

Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր կայացավ Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհրդի հերթական նիստը: Խորհուրդը հավանության արժանացրեց 2010թ. ընթացքում ՀՀ-ում թրաֆիկինգի դեմ պայքարի ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը, որն առաջիկայում կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը:

Ներկայացնելով հաշվետվությունը` խորհրդին կից աշխատանքային խմբի ղեկավար Ձյունիկ Աղաջանյանը տեղեկացրեց, որ հաշվետու ժամանակահատվածում ամբողջացվել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունների փաթեթը, որն այժմ ԱԺ-ում 2-րդ ընթերցման փուլում է: Նախատեսվող փոփոխություններն ուղղված են թրաֆիկինգի համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենսդրության բարելավմանը և ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային կոնվենցիաների պահանջներին օրենսգրքի համապատասխանեցմանը: Փոփոխություն է կատարվել նաև «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ կառավարության որոշման մեջ, որով թրաֆիկինգի ենթարկված անձինք ընդգրկվել են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին խմբերի ցանկում:

Ըստ Ձյունիկ Աղաջանյանի` այս տարի առաջին անգամ Հայաստանը մինչև սեպտեմբերի 1-ը Եվրախորհրդի` թրաֆիկինգի դեմ պայքարի փորձագիտական խմբին (GRETA) պետք է ներկայացնի Հայաստանի ազգային զեկույցը: Այն լրամշակելու և վերջնական տեսքի բերելու համար առաջարկվեց ստեղծել աշխատանքային խումբ:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը նշեց, որ անցած տարի ՀՀ ոստիկանության ուշադրության կենտրոնում են եղել հատկապես երեխաների շահագործման հետ կապված դեպքերը: 2010թ. ընթացքում վարույթ է իրականացվել երեխաների թրաֆիկինգի 5 քրեական գործով` 5 տուժողով: Քրեական հետախուզում է իրականացվել 7 մեղադրյալի նկատմամբ: Նրա տեղեկացմամբ, թրաֆիկինգի ենթարկված, ինչպես նաև թափառաշրջիկ երեխաների մեջ մեծ թիվ են կազմում չհաշվառված երեխաները, հաղորդում է ՀՀ ՏԿՆ մամլո ծառայությունը: