ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` ամփոփելով փետրվարի 8-11 Երևան և Բաքու կատարած տարածաշրջանային այցերի արդյունքները:
«Երևանում և Բաքվում անցկացրած հանդիպումների արդյունքում համանախագահներն ընդգծեցին, որ հանուն խաղաղության վճռական քայլերի ժամանակն է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը լուծում տալու համար: Միջնորդները գտնում են, որ բանակցություններում դրական առաջընթաց է դիտվում, ինչը 2010թ. հոկտեմբերին կայացած Աստրախանի գագաթաժողովից ի վեր իրականացված աշխատանքի արդյունքն է»,- ասվում է համանախագահների հայտարարության մեջ:
Այս կապակցությամբ նրանք հակամարտության կողմերին հետագա առաջընթացի կոչ են արել, որպեսզի խաղաղ գործընթացը հաջորդ փուլ անցնի: Համանախագահները հաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության հասնելու համար անհրաժեշտ լուծումները գտնելու նրանց ջանքերում:
Խաղաղության որոնումների համար բարենպաստ մթնոլորտի ստեղծման համար համանախագահները կողմերին կրկին կոչ են արել զսպվածություն ցուցաբերել ինչպես գործողություններում, այնպես էլ հրապարակային հայտարարություններում, հաղորդում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը: