14 փետրվարի 2011 - 16:26 AMT
Օմանի նորանշանակ դեսպանը կանի առավելագույնը Հայաստանի հետ համագործակցության ամրապնդման համար

Փետրվարի 14-ին Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Օմանի դեսպան Մուհամադ բին Աուադ Ալ-Հոսանին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը շնորհավորեց նրան Հայաստանում դեսպան նշանակվելու կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ դեսպան բին Աուադ Ալ-Հոսանին իր նշանակալի ներդրումը կունենա երկկողմ հարաբերությունների առավել զարգացման գործում: Էդվարդ Նալբանդյանը նաեւ ջերմությամբ նշեց, որ ինքը եղել է առաջին հայ բարձրաստիճան պաշտոնյան, ով այցելել է Օման որպես Հայաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ դեռեւս 1993-ին:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, Օմանի դեսպանը վստահեցրեց, որ կանի առավելագույնը երկու երկրների միջեւ տարբեր բնագավառներում համագործակցության ամրապնդման համար:

Անդրադառնալով արաբական պետությունների հետ Հայաստանի ավանդական ջերմ եւ բարեկամական հարաբերություններին, Էդվարդ Նալբանդյանը ընդգծեց դրանց առավել զարգացման եւ ընդլայնման կարեւորությունը: Այդ ենթատեքստում Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ միայն անցյալ տարի արաբական երկրներում Հայաստանը երկու դիվանագիտական ներկայացուցչություն է հիմնել:

Զրուցակիցներն անդրադարձան միջազգային կազմակերպություններում երկու պետությունների համագործակցության հարցին, մտքեր փոխանակեցին մերձավորարեւելյան խնդիրների շուրջ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: