14 փետրվարի 2011 - 17:32 AMT
Հայ ուսանողները կյանքով վճարեցին մոսկովյան մետրոյում խաղերի համար

19-ամյա ուսանողներ Վիկտոր Վարդանյանն ու Իվան Մկրտումովը զոհվեցին` երթևեկելով մոսկովյան մետրոյի Ֆիլևի գծի վագոնների տանիքներին: Ինչպես հաղորդում է Life News-ը, փետրվարի 14-ի գիշերը նրանք ցատկեցին գնացքի վագոնների տանիքին, որպեսզի, հավանաբար, այդ գծով մի քանի շրջան երթևեկեին:

Ուսանողների մահվան կապակցությամբ ՌԴ Քննչական կոմիտեն նախաքննական ստուգում է անցկացնում: «Այն մասին, որ դա ինչ-որ խաղ է եղել, խոսում է այն, թե ինչպես էին նրանք հագնված. երկուսն էլ լեռնադահուկային ակնոցներ, գործած գլխարկներ ու կաշվե ձեռնոցներ էին կրում»,- պատմել է ոստիկանության ներկայացուցիչը:

Վարդանյանն ու Մկրտումովը զբաղվում էին այսպես կոչված «կառչելու մարզաձևով», որը մերձքաղաքային էլեկտրագնացքներից ու մետրոպոլիտենի գնացքներից օգտվելու կանոնների` կյանքի համար վտանգավոր խախտում է: Այս զբաղմունքի սիրահարները սիրում են երթևեկել էլեկտրագնացքներով` դրսից կառչելով կամ երթևեկելով տանիքին: