14 փետրվարի 2011 - 18:26 AMT
Robert Sahakyants Production-ը մտադիր է 3D անիմացիոն ֆիլմ նկարահանել Դրակուլայի մասին

Robert Sahakyants Production-ը մտադիր է 3D անիմացիոն լիամետրաժ ֆիլմ նկարահանել կոմս Դրակուլայի մասին: «Սցենարը պատրաստ է, հեղինակներն են Ռոբերտ և Հայկ Սահակյանցները»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է ռեժիսոր Դավիթ Սահակյանցը: Ըստ նրա, հեղինակները մշակել են սցենարի երկու տարբերակ: «Ամեն ինչ կախված է նրանից, թե որ շուկան ենք մենք մտադիր գրավել: Հայկական շուկայի համար մի սցենար է նախատեսված, արտերկրի շուկայի համար՝ մեկ այլ սցենար»,-ասել է նա: Նա հայտնել է, որ ֆիլմը կլինի կամ ամբողջությամբ 3D ձևաչափով, կամ՝ դասական անիմացիայի ոճով: «Նախագծի համար հովանավորներ են հարկավոր, սակայն, դեռևս ոչ ոք չի արձագանքել»,-ասել է Սահակյանցը: Նման նախագծի իրականացումը 3D ձևաչափով բավականին բարդ է, ուստի նրա իրականացումը ձգձգվում է: