15 փետրվարի 2011 - 15:53 AMT
Փետրվարի 15-ին Սևանա լճի մոտ նոր ճոպանուղի կբացվի

Փետրվարի 15-ի երեկոյան տեղի կունենա Գեղարքունիքի մարզի Սևանի շրջանի Ծովագյուղ համայնքի մոտակայքում տեղակայված 1130 մետր երկարությամբ ճոպանուղու բացման հանդիսավոր արարողությունը: Ինչպես միջոցառման կազմակերպիչները հաղորդեցին PanARMENIAN.Net-ի թղթակցին, բացմանը ներկա կգտնվեն Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը, Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, այլ պաշտոնատար անձինք, այդ թվում` Գերմանիայի և Իտալիայի դեսպանները:

Մաշտոցներ լեռան ստորոտում տեղակայված ճոպանուղին մեկ ժամում կարող է 800 հոգի տեղափոխել լեռան ստորոտից գագաթը: Նախագծի գործարկման դեպքում ոչ միայն 120-150 նոր աշխատատեղ կստեղծվի Ծովագյուղ համայնքի բնակիչների համար, այլև կզարգանա ձմեռային տուրիզմը և լեռնադահուկային սպորտը, իսկ ճոպանուղու և մնացած ծառայությունների գները հասանելի կլինեն: