15 փետրվարի 2011 - 17:11 AMT
ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է, որ Երևանի համար ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Թուրքիայի ներկայացուցչին աջակցելն անհնար է

Պաշտոնական Երևանը չի սատարելու Թուրքիայի թեկնածուին ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի ընտրություններում: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդեց ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:

Թուրքիան ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին է առաջադրել դեսպան Էրսին Էրչինին:

Երևանի համար ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Թուրքիայի ներկայացուցչին աջակցելն անհնար է, նախօրեին հաղորդել էր Հայաստանի դիվանագիտական շրջանակներից աղբյուրը: «Աջակցությունը ցուցաբերվում է բարեկամական երկրին, իսկ Թուրքիան բարեմական երկիր չէ: Թուրքիան բազմիցս դիմել է նման խնդրանքով և մերժում ստացել»,- ընդգծել է աղբյուրը:

Ինչպես հաղորդում է Haberturk-ը, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պատրաստվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին խնդրել աջակցել Թուրքիայի թեկնածուին ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Հայաստանի նախագահին նամակն անձամբ կհանձնի ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու, դեսպան Էրսին Էրչինը, որը մարտին պատրաստվում է Երևան ժամանել: