15 փետրվարի 2011 - 20:56 AMT
Գրքի ցուցահանդեսին միայն հակահայկական գրականություն ներկայացրած ադրբեջանցիները ստիպված լքել են միջոցառումը

Փետրվարի 9-13-ը Մինսկում կայացել է գրքի 18-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որին ներկայացված են եղել մի շարք երկրների, այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի տաղավարները:

Ցուցահանդեսին ադրբեջանական կողմի ներկայացրած գրականությունը հիմնականում հակահայկական քարոզչությանը նվիրված գրականություն էր: Հայաստանի ներկայացուցիչները կազմակերպիչների ուշադրությունը հրավիրեցին այդ հանգամանքի վրա` նշելով, որ հայկական ցուցասրահում ներկայացված է հիմնականում մշակութային թեմատիկա, իսկ ադրբեջանականում` միայն ազգային խտրականություն և թշնամություն սերմանող հակահայկական գրականություն:

Ցուցահանդեսի կազմակերպիչները երկու անգամ նկատողություն են արել ադրբեջանական տաղավարի պատասխանտուներին` փոխելու ներկայացված գրականությունը: Պարզվել է, որ Ադրբեջանից այլ գրականություն չի եղել և ադրբեջանական տաղավարը փակվել է, իսկ այդ երկրի ներկայացուցիչները ստիպված հեռացել են ցուցասրահի դահլիճից ու դադարեցրել մասնակցությունը միջոցառմանը: