Տրապիզոնի դատախազությունն ընդունել է հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության հետաքննության շրջանակներում ոստիկանության որոշ աշխատակիցներին հարցաքննելու հայցը:
Կհարցաքննվեն Տրապիզոնի ոստիկանության նախկին պետ Ռեշաթ Ալթայն ու նրա տեղակալ Լեվենտ Յարիմելը: Դինքի ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբանները վաղուց էին ներկայացրել այս հայցը` պնդելով, որ որոշ պաշտոնատար անձինք պետության պաշտպանության ներքո են գտնվում: Դատախազությունը երկու անգամ մերժել էր փաստաբաններին:
Ոստիկանության սպաները, փաստաբանների կարծիքով, պետք է դատապարտվեն «ծառայողական պարտականությունները չկատարելու» համար: Նրանց մեղադրում են նրանում, որ նրանք գիտեին պատրաստվող մահափորձի մասին, սակայն գիտակցաբար միջոցներ չձեռնարկեցին 2007 թվականի հունվարի 19-ի սպանությունը կանխելու համար: Ձերբակալվածների թվում է նախկին ոստիկանական իրազեկիչ և կասկածյալ Էրհան Թունջելը: Նա ձերբակալվել է, սակայն խոսում է իր անմեղության մասին` պատմելով, որ կատարել է իր աշխատանքն ու պատմել ոստիկանությանը:
Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթիե Չեթինը նշել է, որ Թունջելի ցուցմունքները դատարանը գնահատել է որպես նոր ապացույցներ, գրում է Hurriyet Daily News-ը: