ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 16–ին հանդիպել է հանրապետության հարկային պետական ծառայության աշխատակիցների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2010 թվականին գերատեսչության կողմից կատարված աշխատանքները և 2011 թվականի անելիքները:
Զեկույցներով հանդես են եկել հարկային պետական ծառայության պետ Արտակ Բալայանը և կառույցի պատասխանատու աշխատողներ:
Իր խոսքում նախագահը նշել է, որ հարկային քաղաքականությունը` չսահմանափակվելով լոկ տնտեսական ոլորտով, անմիջականորեն առնչվում է սոցիալական և քաղաքական բազմաթիվ հիմնախնդիրների հետ: Այս համատեքստում երկրի ղեկավարը կարևորել է հարկային քաղաքականությունն իրականացնող մարմնի գործունեությունը և ընդհանուր առմամբ բավարար գնահատել 2010 թվականին ծառայության կողմից իրականացված աշխատանքը:
Բակո Սահակյանը միաժամանակ ընդգծել է, որ հարկային մարմինների գործունեությունը, նրա արդյունավետությունը չի բնութագրվում միայն հավաքագրված գումարների ծավալի աճով, այլ պետք է դիտարկվի ավելի երկարատև ժամանակագրական կտրվածքով, որպեսզի այսօրվա հաջողությունները ապագայում չկանգնեցնեն դժվարությունների առջև:
Հանդիպման վերջում Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել գերատեսչության ղեկավարությանը կատարվելիք աշխատանքների կապակցությամբ, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: